Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են․ Դավիթ Դանիելյանը

Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ երեկվանից մինչև այսօր լուսաբաց գտնվել ենք դիրքերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Մեր տղաները ուժեղ են, հզոր, անկոտրում: Մեր պաշտպանները կատաղի ոգով երեկ հետ են մղել թշնամու ագրեսիան, պաշտպանել գյուղը և մեզ բոլորիս: Գիշերվա ընթացքում և այս պահին որևէ էական խախտում չի եղել:

Երեկ երեկոյան շփվել եմ նաև բնակիչների հետ, երիտասարդների հետ: Սահմանը ու Երևանը երկու տարբեր Հայաստան են: Այդ «Հայաստանները» իրար շատ ասելիք ունեն` միասնական պայքարով պիտի պահենք մեր Հայրենիքը:

Չթողնե՛ք վախը և խուճապը ձեզ հաղթի: Մենք ուժեղ ենք»:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ:

Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print