Նախագծով առաջարկվում է 2024-2026 թթ․ հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։
Հայաստանը ծրագրում է տարեկան 162 տոննա խեցգետին արտադրել։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը, հայտնում է Sputnik Արմենիան։
Ներկայացնելով ծրագիրը՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը նշեց, որ արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացումը թույլ կտա ՀՀ ջրային տարածքներում վերականգնել վերջին տարիներին կտրուկ կրճատված խեցգետնի պոպուլյացիան։
«Ծրագրի նպատակն է խեցգետինի արդյունաբերական արտադրության խթանումը` արհեստական պայմաններում բուծման և աճեցման տեխնոլոգիաների ներդրմամբ։ Կար ժամանակ, երբ Հայաստանում իրականացվում էր տարեկան շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից շուրջ 2000 տոննան արտահանվում էր։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,– ասաց Տերյանը՝ հավելելով, որ արդյունավետ լուծում կարող է հանդիսանալ արհեստական եղանակով խեցգետինների բուծումը, ինչը կարող է զարկ տալ նաև արդյունաբերական խեցգետնաբուծությանը։
Նախագծով առաջարկվում է 2024-2026 թթ․ հանրապետությունում հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիր (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։
Խեցգետնաբուծության համար կառուցվող ջրավազանները պետք է լինեն բազմահարկ և աշխատեն ջրի փակ ցիկլով։
Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։ Նախագծի ընդունման դեպքում փոխհատուցվող ընդհանուր գումարը կազմում է 897,0 մլն դրամ, ինչի համար անհրաժեշտ կլինի 2024, 2025 և 2026 թվականների պետական բյուջեից տարեկան հատկացնել 299 մլն դրամ։
Կառավարության հաշվարկով` ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում տարեկան կարտադրվի 162 տոննա խեցգետին, ինչը թույլ կտա տարեկան լրացուցիչ ստանալ 1 մլրդ 620 մլն համախառն արտադրանք։