ԶՊՄԿ պահնորդին սպանած ադրբեջանցի զինվորին ներկայացված մեղադրանքը փոփոխվել է․ ՀՀ գլխավոր դատախազություն

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչը 2023 թվականի ապրիլի 18-ին միջնորդություն է ներկայացրել Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը հսկող դատախազի նույն օրվա որոշմամբ բավարարվել է:

Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է ։

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Այնուհետև, Հուսեյն Ախունդովն իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու ուղղակի դիտավորությամբ հափշտակել է Հ.Մ.-ի մարմնի կողքն ընկած բջջային հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով՝ դիմել է փախուստի: Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(…) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»: Այնուհետև, Ախունդովը հափշտակված բջջային հեռախոսում ներբեռնել է համացանցային հավելված և նկարահանված տեսաուղերձը հրապարակել սոցիալական ցանցի իր էջում: Դրանից հետո, Ախունդովը ոտքով գնացել է Սյունիքի մարզի Աճանան գյուղի ուղղությամբ և 2023 թվականի ապրիլի 13-ին հայտնաբերվել է պատահական անցորդների կողմից, ովքեր, պարզելով նրա՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայող լինելու հանգամանքը, վնասազերծել են նրան և հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ քննիչը 2023 թվականի ապրիլի 18-ին միջնորդություն է ներկայացրել Հուսեյն Ախունդովի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխելու, լրացնելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը հսկող դատախազի նույն օրվա որոշմամբ բավարարվել է:

Հուսեյն Ահլիմանի Ախունդովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել, լրացվել է և նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի հրազեն պահելու և փոխադրելու, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը հեշտացնելու նպատակով և ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու հանրորեն վտանգավոր արարքների համար (ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ, 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 335-րդ հոդվածի 2-րդ մաս և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ և 15-րդ կետեր):

Տեղեկացնենք նաև, որ 2023 թվականի ապրիլի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Գլխավոր դատախազությունում ստացվել են ձերբակալված Հուսեյն Ախունդովի՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս մարմնի զննությամբ արձանագրված վնասվածքների վերաբերյալ տեղեկանքները, որոնք նույն օրն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ մարմնական վնասվածքների առաջացման հանգամանքները պարզելու նպատակով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար: 2023 թվականի ապրիլի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն՝ մի խումբ անձանց կողմից) նախաձեռնվել է քրեական վարույթ:      

          Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print