Սլավոնականում հույս ունեն, որ հաղթելու են. «Հրապարակ»

Ապրիլի 12-ին Հայ-ռուսական համալսարանի ուսանողական խորհուրդը ստորագրահավաք էր սկսել՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված պահանջով դիմելու համար։ Ստորագրահավաքի դրված տեքստում մասնավորապես ասվում է․ «Մենք` Հայ-ռուսական համալսարանի ուսանողության, պրոֆեսորադասախոսական, վարչական եւ ուսումնաօժանդակ կազմի ներկայացուցիչներս, արտահայտելով համալսարանի ողջ անձնակազմի եւ ուսանողության դիրքորոշումը եւ վերահաստատելով ռեկտոր Դարբինյանին մեր լիակատար աջակցությունը, նպատակ ունենալով պահպանել համալսարանի որդեգրած արժեքային համակարգը, վաստակած հանրային դերն ու հեղինակությունը, առաջնորդվելով գործող իրավակարգավորումներով եւ խստորեն պահպանելով դրանց տառն ու ոգին, այդ նույն իրավակարգավորումների համաձայն, համալսարանի գործունեության մասով, որպես ՀՀ պետական կառավարման լիազոր մարմին ճանաչված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից (նախարար Ժաննա Անդրեասյան) պահանջում ենք.

  1. Ապահովել համալսարանի հիմնադիր փաստաթղթերում եւ կանոնադրությունում ամրագրվածհամալսարանի ընդհանուր ժողովի (կոնֆերանսի) կողմից ռեկտորի ընտրության անքակտելի իրավունքի իրացումը: Նշված նպատակով անհապաղ բանակցություններ սկսել ռուսաստանյան համահիմնադրի լիազոր ներկայացուցիչների հետ նպատակ ունենալով այս հարցում հասնել հստակ համաձայնության:
  2. Ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ներկայությունը ս.թ. մայիսի 5-ին կայանալիք կոնֆերանսին: Նույն նպատակով դիմել ռուսաստանյան կողմին եւ ապահովել նաեւ իրենց պաշտոնական ներկայությունը:
  3. Ապահովել ընտրված ռեկտորի պաշտոնական նշանակումը` երկու հիմնադիրների հրամանով՝ բացառելով համալսարանի կառավարման ֆունկցիայի իրացման իմաստով որեւէ իրավական վակուումային կամ հակաօրինական իրավիճակ։ Նույնը պահանջել նաեւ ռուսաստանյան կողմից։
  4. Դադարեցնել առանց համալսարանի ներգրավման վերջինիս գործունեությանը վերաբերող միջկառավարական նոր համաձայնագրի որեւէ տեքստի սեպարատ քննարկումները: Հենց գործող իրավակարգավորումներն են, որ ապահովել են համալսարանի առաջատար դիրքերը ե՛ւ երկրում, ե՛ւ տարածաշրջանում, դրանց փոփոխման ցանկացած փորձ դիտարկում ենք որպես համալսարանի նկատմամբ իրագործվող վնասարարություն։
  5. Հրապարակայնորեն ներկայացնել համալսարանի բազմամյա ռեկտոր Դարբինյանի աշխատանքի գնահատականը եւ նրան ռեկտորի պաշտոնում գալիք ընտրություններում չսատարելու հիմնավորումները»:
    Նախաձեռնող խումբը նաեւ հայտարարություն է տարածել, որ այս տեքստը ստորագրել է 3 հազար հոգի, եւ ստորագրված փաթեթը հանձնել են նախարարություն, որից հետո ԿԳՄՍՆ-ում հանդիպում է տեղի ունեցել նախաձեռնող խմբի ու պաշտոնյաների միջեւ, ինչից հետո համալսարանը հայտարարությամբ հորդորել է դադարեցնել ստորագրահավաքը, քանի որ․ «Մենք հասել ենք մեր նպատակին, մեզ ընդունել եւ լսել ենայս փուլում ստորագրահավաքը շարունակելու իմաստ չկա, չէ՞ որ մենք ինքնանպատակ որեւէ քայլ չենք անում։ Մեր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարելու ենք ժամանակին ու ճիշտ յուրաքանչյուր սրտացավ ՀՌՀ-ականի ջանքերով»։

Նշենք, որ մայիսի 14-ին լրանում է ռեկտոր Արմեն Դարբինյանի պաշտոնավարման ժամկետը, նա ավելի վաղ հայտարարել էր, որ ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ էլ ՌԴ կառավարությունը իր թեկնածությանը չեն սատարել, հետեւաբար ինքն առաջիկա ընտրություններին չի առաջադրվի։ Նշենք նաեւ, որ Սլավոնական համալսարանում, ի տարբերություն մյուս համալսարանների, ռեկտորին ընտրում է ոչ թե հոգաբարձուների խորհուրդը, այլ ընդհանուր ժողովը՝ մոտ 500 անդամից կազմված, այդ թվում՝ ուսանողներ, դասախոսներ եւ այլն։ Այսինքն, ակնհայտորեն համալսարանում կառավարման ճգնաժամ կառաջանա, եւ ռեկտոր չի ընտրվի։

Մենք զրուցեցինք ստորագրահավաքի նախաձեռնողներից Հրանտ Սարկիսովի հետ՝ հարցնելով, թե, ի վերջո, որն էր ստորագրահավաքի նպատակը, եւ այդ ինչ են նախարարությունում նրանց ասել, որ համարում են, թե իրենց նպատակին հասնել են։ Սարկիսովն ասաց, որ ստորագրահավաքի ամբողջ նպատակն այն է, որ համալսարանում գումարվի ընդհանուր ժողով։ «Մենք մեր համալսարանի ինստիտուտների կողմից ընտրված դելեգատ ենք, ովքեր պետք է ընտրեն ռեկտորին, դա մեր ընտրական իրավունքն է, ակադեմիական ազատության իրավունքի իրացումը հենց դրանում է կայանում, մենք պայքարում ենք մեր սահմանադրական իրավունքի համար»,- ասաց նա։ Հարցրինք՝ ի՞նչ են ասել նախարարությունում, որը նրանց բավարարել է։ «Նախարարությունում, ինչպես նախկինում, պնդել են, որ պրոցեսը պիտի ընթանա օրենսդրության սահմաններում»։ Այսինքն՝ ընդհանուր ժողով գումարվելո՞ւ է։

«Ընդհանուր ժողովը գումարվելու է, թե ոչ, դա պիտի ճշտեք համալսարանից՝ ընդհանուր ժողովը կազմակերպող հանձնաժողովից, ես համալսարանի աշխատակից չեմ, ես շրջանավարտ եմ, որը բյուրոկրատական ապարատի հետ կապ չունի»։ Հարցրինք նաեւ՝ արդյոք իրենց նպատակն այն է, որ Արմեն Դարբինյանը շարունակի՞ պաշտոնավարել որպես ռեկտոր, ասում են, որ համալսարանը միայն նրա թեկնածությանն է կողմ։

«Ստորագրածները որեւէ անձին ի պաշտպանություն որեւէ ստորագրություն չեն դրել, ստորագրահավաքը բացառապես ընդհանուր ժողով գումարելու եւ ուսանողների ընտրական, ինչպես նաեւ ակադեմիական ազատության համատեքստում իրենց իրավունքների իրականացումն է, որեւէ անձի սատարում, որեւէ անձի պաշտպանություն այստեղ չկա, բացառապես խոսքը գնում է ընդհանուր ժողով գումարելու մասին։ Ինձ համար այս պահին էական է, որ գումարվի ընդհանուր ժողով, իսկ թե ընդհանուր ժողովը հետո ինչ կորոշի, դա արդեն մայիսի 5-ին բոլորիս համար պարզ կլինի»։

Ի դեպ, նախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրահավաքը նախաձեռնողների հետ չի հանդիպել, վերջիններիս ընդունել են ԿԳՄՍՆ համապատասխան վարչության ներկայացուցիչները։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print