Արտատարածաշրջանային ուժերը պետք է հեռանան տարածաշրջանից․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսին երկրի ազգային բանակի օրվա արարողության ժամանակ ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հագեցած է ժամանակակից գիտելիքներով և բացառիկ կարողություններով։

Mehr գործակալության փոխանցմամբ՝ բանակը բնութագրելով որպես ամուր պատնեշ հակառակորդ տարրերի, ծայրահեղական խմբավորումների և չարագործների դեմ, երկրի նախագահն ասել է, որ բանակը պաշտպանում է և՛ Իրանի սահմանները, և՛ երկրի շահերն օվկիանոսներում։

«Բանակի և զինված ուժերի ուղերձն այն է, որ արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից»,- ասել է նախագահ Ռաիսին՝ հավելելով, որ Իրանը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունը և կանգնած է ահաբեկչական տարրերի դեմ, սակայն, այնուամենայնիվ արտաքին ուժերի ներկայությունը սպառնում է անվտանգությանը:

Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ուժն ու նրա ռազմական հզորությունը միանշանակ բխում են տարածաշրջանի շահերից։

Նա նաև նախազգուշացրել է, որ եթե Իսրայելն ամենափոքր քայլը ձեռնարկի Թեհրանի դեմ, ապա կբախվի Իրանի կոշտ պատասխանին, ինչպես նաև Հայֆայի և Թել Ավիվի ավերմանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print