Սուդանում զոհերի թիվը հասել է 270-ի

Սուդանի բանակի և Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) բախումների հետևանքով զոհվել է 270 մարդ։ Ավելի քան 2600 մարդ վիրավորվել է, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Սուդանի Առողջապահության նախարարության Արտակարգ գործողությունների կենտրոնը հայտնում է, որ 270 մարդ զոհվել է, ավելի քան 2600 մարդ վիրավորվել է», – ասել է Ղեբրեյեսուսը ճեպազրույցում:

Հիշեցնենք՝ Սուդանի բանակի և ԱԱՈՒ-ի միջև բախումները սկսվել են շաբաթ՝ ապրիլի 15-ին։ Տարաձայնությունները կապված են զինված ուժերում արագ արձագանքման ուժերի ընդգրկման ժամկետների հետ և նրա, թե ով է լինելու գլխավոր հրամանատարը։

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտնել էր 180 զոհի և ավելի քան 1800 վիրավորի մասին։ Զոհվածների և վիրավորների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի երեք աշխատակից։ Հաղորդվել է նաև ԵՄ դեսպանի վրա իր նստավայրում հարձակման և ԱՄՆ դեսպանատան մեքենայի գնդակոծման մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print