Քննչական կոմիտեից փոխանցում են` 5 հոգու մեղադրանք է ներկայացվել։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ քաղաքացիների պատվաստված լինելը հավաստող կեղծ փաստաթղթեր կազմելու և էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրելու դեպքեր: Նախաքննությունն ավարտվել է:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 2 ընտանեկան բժիշկներ, ընդգրկված լինելով կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստման գործընթացին, տեղյակ լինելով միայն Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր գտնվելու դեպքում օտարերկրյա քաղաքացիներին պատվաստել թույլատրելու մասին, 2021 թվականի հուլիսից հոկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ-երկու օր գտնվող ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ կազմել են նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու մասին բժշկական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ, որոնց հիման վրա նշված օտարերկրացիները պատվաստվել են: Այնուհետև, հիշյալ բժիշկները կազմել և հաստատել են ԻԻՀ քաղաքացիների կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, մուտքագրել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ ներառելով պատվաստման օրերի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Բացի այդ, նույն բժշկական կենտրոնի իմունիզացիայի բուժքույրը, լինելով կորոնավիրուսային հիվանդության դեմ քաղաքացիներին պատվաստումներ կատարող պատասխանատու անձ, ԻԻՀ քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում, կազմել է նրանց իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր, այնուհետև, պատվաստված չլինելու պայմաններում կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ նրանց պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով նշված օտարերկրյա քաղաքացիների իբրև պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի մեկ այլ ընտանեկան բժիշկ, նույն կենտրոնի մաշկավեներաբանի խնդրանքով, վերջինիս ազգականի՝ հանրապետությունից բացակայելու պայմաններում, կազմել է նրան իբրև հետազոտելու և պատվաստման ենթակա լինելու վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր: Վերջինիս փաստացի պատվաստված չլինելու պայմաններում բժիշկը կազմել և հաստատել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ՝ սերտիֆիկատներ, մուտքագրել է էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ՝ դրանցում ներառելով գործընկերոջ ազգականի իբրև պատվաստված լինելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության 4 բուժաշխատողի ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: