Քննարկվել են հայ-իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների և ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:
Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը և համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Խաչատուր Անդրեասյանը հանդիպել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։ Այս մասին տեղեկանում ենք Մեղրիի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Համայնքի ղեկավարը ու հյուպատոսը քննարկել են Մեղրի համայնքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող խնդիրներ: Երկու ժողովուրդների միջև բարեկամությունը առավել խորացնելու և ամրապնդելու նպատակով քննարկվել է Մեղրի համայնքի և ԻԻՀ որևէ քաղաքի հետ քույրացման գաղափարը` հատկապես կարևորելով հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը այդ գործընթացում»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ համագործակցության շրջանակներում կարևորելով կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտները զարգացնելու և հատկապես երիտասարդությանը այդ ոլորտներում ներգրավվելու միտումները` պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել փոխադարձ ճանաչողական այցեր:
Քննարկվել են հայ-իրանական սահմանի, մաքսատան աշխատանքների և ազատ տնտեսական գոտու արդյունավետության հետ կապված մի շարք հարցեր:


