Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով՝ Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Մարգարայի կամուրջի շուրջ իրականացրած ուսումնասիրությունների մասին։
«Մարգարայի կամուրջի աշխատանքների մի մասը մեր տիրույթում է, և մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման: Կամուրջի միակ խնդիրը այն է, որ նեղ է և ենթակա է միակողմանի երթևեկության: Հետագայում, կախված գործընթացից, եթե գա մի ժամանակ՝ երթևեկությունը ավելանա և կարիքը լինի՝ կամ պետք է կամուրջը լայնացնել, կամ նորը կառուցել, բայց, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում ճիշտ կլինի երկրորդը կառուցել»,- եզրափակեց Սանոսյանը: