Երեքշաբթի օրվանից Ազգային ժողովում արտահերթ նիստ է ընթանում․ խորհրդարանը քննարկում է կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի ընթացքի վերաբերյալ զեկույցը։ Թվում էր, թե տեւական բաժանումից հետո կրկին միմյանց հանդիպած ընդդիմության ու Նիկոլ Փաշինյանի միջեւ սառույցը որոշ չափով հալվել է, քննարկումներն ընթանում են կառուցողական եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ընդդիմադիրները «պարոն Փաշինյանին» հարցեր են տալիս, վարչապետն էլ այլեւս ոչինչ թափ չի տալիս կամ չի սպառնում ծեփել պատերին, այլ փորձում է կոռեկտության սահմաններում պատասխանել այդ հարցերին։ Բայց փոխադարձ սիրո եւ հանդուրժողականության այս մթնոլորտը երկար չտեւեց՝ երեկ այն փչացավ։ Կրկին փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, քաշքշուկ սկսվեց, եւ ԱԺ նախագահի հրահանգով կրկին նիստերի դահլիճ մտան համազգեստ հագած մարդիկ եւ գետնին քարշ տալով՝ դուրս բերեցին ընդդիմադիր պատգամավորներին, հիմնականում՝ կանանց։
Քաղաքականություն
«ՀՐԱՊԱՐԱԿ». ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
Լուսինե Շահվերդյան21 Ապրիլ 2023 | 09:15
Երեքշաբթի օրվանից Ազգային ժողովում արտահերթ նիստ է ընթանում․ խորհրդարանը քննարկում է կառավարության հնգամյա ծրագրի 2022 թվականի ընթացքի վերաբերյալ զեկույցը։ Թվում էր, թե տեւական բաժանումից հետո կրկին միմյանց հանդիպած ընդդիմության ու Նիկոլ Փաշինյանի միջեւ սառույցը որոշ չափով հալվել է, քննարկումներն ընթանում են կառուցողական եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ընդդիմադիրները «պարոն Փաշինյանին» հարցեր են տալիս, վարչապետն էլ այլեւս ոչինչ թափ չի տալիս կամ չի սպառնում ծեփել պատերին, այլ փորձում է կոռեկտության սահմաններում պատասխանել այդ հարցերին։ Բայց փոխադարձ սիրո եւ հանդուրժողականության այս մթնոլորտը երկար չտեւեց՝ երեկ այն փչացավ։ Կրկին փոխադարձ վիրավորանքներ հնչեցին, քաշքշուկ սկսվեց, եւ ԱԺ նախագահի հրահանգով կրկին նիստերի դահլիճ մտան համազգեստ հագած մարդիկ եւ գետնին քարշ տալով՝ դուրս բերեցին ընդդիմադիր պատգամավորներին, հիմնականում՝ կանանց։
Կրքերը բորբոքվեցին, երբ կառավարության ծրագրի շուրջ մտքերի արտահայտման, այն է՝ ելույթներ ունենալու ժամանակ ամբիոնին մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը, մեջբերումներ արեց միջազգային տարբեր կազմակերպությունների զեկույցներից, որոնք արձանագրել էին Հայաստանի մի շարք ոլորտներում հետընթացի մասին, իշխանության՝ իբր դավանած սեփական արժեքները դավաճանելու մասին, վերջում էլ հայտարարեց, որ չի լքելու ամբիոնը, որոշել է քաղաքական ակցիա իրականացնել։ Եվ այլեւս թույլ չի տալու, որ այդ ամբիոնից ստեր հնչեն, խաբեն ու անվանարկեն մարդկանց։
Ըստ ամենայնի, այս ակցիայի առիթը Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությունն էր, որը թեպետ անանուն էր, բայց, շատերի կարծիքով, հենց Թովմասյանին էր ուղղված։ Փաշինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ նախընտրական շրջանում հրապարակած այն ձայնագրությանը, որում Փաշինյանը խոսում է ինքն իրեն գժի տեղ դնելու մասին, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց․ «Հասկանո՞ւմ եք՝ այդ մարդը եկել է, մեր ցուցակով դարձել է պատգամավոր, եթե չասեմ՝ ականջից բռնել ենք, դարձրել պատգամավոր, նա կյանքում կարա՞ր պատգամավոր դառնար։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել տվել է Սերժ Սարգսյանին ու այսօր հոխորտում է, գետինն էլ չի մտնում։ Բարոյական կերպարը նայեք մի հատ»։ Այս տգեղ ելույթին արձագանք չեղավ, բայց սրանով ՀՀ վարչապետը կրկին ԱԺ մթնոլորտը լարեց, ստիպեց, որ մարդիկ ինչ-ինչ քայլերի դիմեն՝ ի պատասխան իր անպատասխանատու հայտարարությունների։
Նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը րոպեներ անց ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, երբ Թովմասյանը հրաժարվեց ենթարկվել ամբիոնը լքելու նրա հորդորներին։ Ուշագրավ է, որ Թովմասյանը բավականին երկար միայնակ մնաց ամբիոնի մոտ, թեպետ կոչով դիմեց գործընկերներին՝ միանալ իրեն, եթե համաձայն են իր հետ։ Մեր տեղեկություններով, «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առհասարակ տեղյակ չեն եղել Թովմասյանի ակցիայից, «Պատիվ ունեմ»-ում էլ, ըստ տեղեկությունների, ոչ բոլորն էին տեղյակ գործընկերուհու ակցիայի մասին, հակառակ դեպքում միայն Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը չէին արագ մոտենա, իսկ, օրինակ, Տարոն Մարգարյանին եւ մյուսներին Ալեն Սիմոնյանը հուշեց, թե ինչու են միայնակ թողել իրենց գործընկերուհուն։
Հետո սկսվեց «կիլդիմը»․ Թովմասյանի ակցիային մի քիչ ուշացումով միացան նաեւ «հայաստանցիները», որոնք ակնհայտ անհարմար վիճակում էին հայտնվել եւ չգիտեին, թե ինչ է կատարվում, մինչդեռ ենթադրվում է, որ քաղաքական ակցիան պետք է նախապես քննարկվեր, համաձայնեցվեր գործընկերների հետ։
Նկատենք, որ ելույթ ունենալու համար 48 պատգամավոր էր գրանցվել, որոնցից 15-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, մինչեւ ընդդիմադիր պատգամավորի ակցիան՝ ելույթ էին ունեցել միայն Լիլիթ Գալստյանը, Արեգնազ Մանուկյանը եւ Արթուր Խաչատրյանը։ Նկատենք, որ բոլորն էլ բավականին սուր ելույթներ ունեցան, ինչպես նաեւ՝ «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը, գրանցվել էին նաեւ Տիգրան Աբրահամյանն ու Հայկ Մամիջանյանը։ Նշենք, որ եթե «Հայաստան» դաշինքը մասնակցեց հարցուպատասխանի ֆորմատին, ապա Թովմասյանի խմբակցությունը բոյկոտել էր դա՝ համարելով, որ իմաստ չկա Փաշինյանին հարցեր տալ, եւ բավականին կոշտ ելույթներ էին պատրաստել, որ հնչեցնեին բարձր ամբիոնից։ Բայց այս միջադեպից հետո ԱԺ նախագահը որոշեց կարգապահական պատիժներ կիրառել ընդդիմության 10 պատգամավորի նկատմամբ եւ թույլ չտալ մինչեւ օրվա ավարտը մտնել նիստերի դահլիճ։ Այդ պատգամավորներն էին Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը եւ օրվա հերոսը՝ Թագուհի Թովմասյանը։ Սակայն միջադեպից հետո երկու ֆրակցիաները խմբակցությունների նիստ էին հրավիրել եւ որոշել, որ ի աջակցություն վտարված գործընկերների, բոյկոտում են հայտարարությունների նիստը, այսինքն՝ ելույթներ չեն ունենալու։
Միջադեպից կես ժամ էլ չէր անցել, երբ ամբիոնից ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԻՊ հանձնաժողովի հայտնի նիստից հետո ինքը մտածել է Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ «Ամենայն հավանականությամբ, հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա։ Թագուհի Թովմասյանը, ամենայն հավանականությամբ, տեղյակ լինելով այդ մասին, սարքեց այս շոուն՝ հետապնդելով երկու նպատակ․ ճնշում գործադրել մեր խմբակցության որոշ գործընկերների վրա եւ հանրությանը ցույց տալ, որ ինքը համարձակ ելույթ ունեցավ, ու այդ ամեն ինչը դրա համար տեղի ունեցավ»,- ասաց Հովիկ Աղազարյանը։
Արտահերթ ելույթով հանդես եկավ նաեւ Ալեն Սիմոնյանը, ով նորից հիշեց զուգարանակոնքի վրա սպանված դաշնակցականին, նախկին ոչ լեգիտիմ նախագահներին եւ հայտարարեց, որ ընդդիմությունն իրեն սպառել է՝ նրան մնացել է միայն խժդժություններ սարքելն ու աղմուկ բարձրացնելը։