Ազատի կացարանում հրդեհից զոհված զինվորների ծնողները փակել են Ամիրյան փողոցը․ ՈւՂԻՂ

Զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով

Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ, փակեցին Ամիրյան փողոցը։

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հեռացավ շենքից առանց ծնողների հետ հանդիպելու՝ չնայած նրանց Կառավարությունից խոստացել էին փոխանցել հանդիպման պահանջը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիա են անում Կառավարության առաջ՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով։ Նրանք փակեցին Տիգրան Մեծի պողոտան, ինչից որոշ ժամանակ անց նրանց վստահեցրին պահանջը փոխանցել Կառավարության նիստի ավարտից հետո։ Ծնողները ժամանակավորապես բացեցին ճանապարհը։

Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։

Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print