Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի անցած 70-ամյա ճանապարհը, նաև ներկան հնարավոր չէ պատկերացնել առանց Կապան քաղաքի և համայնքի գյուղերի հետ համագործակցության:
Մյուս կողմից՝ կոմբինատի շնորհիվ է տասնամյակների ընթացքում Կապան քաղաքում, նաև մերձակա գյուղերում լուծում ստացել սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին առնչվող բազմաթիվ հարցեր:
Այսօր էլ Կապան համայնքի հարյուրավոր բնակիչներ աշխատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության 70-ամյակի կապակցությամբ զրույց ունեցանք Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ:
– Պարոն Փարսյան, մեր զրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի առիթով է:
Հանքարդյունաբերական այդ ձեռնարկության հիմնադրումը ժամանակին մեծ իրադարձություն է եղել հատկապես Կապանի շրջանի կյանքում:
Այնպես որ կոմբինատի հոբելյանը նշանակալից իրադարձություն է դիտարկվում նաև Կապանի տարածաշրջանում:
– Այո, Դուք իրավացի եք, 70 տարվա գործունեության պատմություն ունեցող կոմբինատի հոբելյանը կարևոր ու նշանակալի իրադարձություն է նաև Կապան համայնքի համար։ Բոլորս գիտենք, որ այսօրվա Կապանը կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ և դրա շնորհիվ, ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր հանքարդյունաբերության կենտրոններից է։ Ավելորդ չեմ համարի ևս մեկ անգամ ընդգծել կոմբինատի առանձնահատուկ դերն ու նշանակությունը համայնքի սոցիալ-տնտեսական և նույնիսկ կենցաղային կյանքում։ Միայն այն հանգամանքը, որ հազարավոր կապանցիներ աշխատում են ընկերության ամենատարբեր օղակներում՝ համեմատաբար բարձր աշխատավարձով, արդեն իսկ խոսում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կարևորության և անհրաժեշտության մասին։ Ուստի, պատեհ առիթից օգտվելով, իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բոլոր տարիների նվիրյալներին՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյի, ընկերության հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։
Վստահ եմ՝ ընկերության պատասխանատու գործելաոճի և աշխատակիցների սրտացավ աշխատանքի շնորհիվ կպահպանվի ու էլ ավելի կզարգանա Կապանի և ընդհանրապես Հայաստանի տնտեսության համար հիմք հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը։
– Ապրիլի 6-ին մենք ականատես եղանք համագործակցության հուշագրի ստորագրման՝ Կապանի համայնքապետարանի և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության միջև:
Նոր որակի և մասշտաբի այդ համագործակցության վերաբերյալ մեր պարբերականը դիրքորոշում հնչեցրել է: Բայց կուզենայինք Ձեր գնահատականը լսել և ծանոթանալ հուշագրի համառոտ բովանդակությանը:
– Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև համագործակցության հուշագրի կնքումն ինքնին հիշարժան իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ պաշտոնապես տարիների համագործակցությունն արձանագրվեց հուշագրի տեսքով։ Սրանով մենք հիմք ենք դնում ավելի բարձր մակարդակի և որակի համագործակցության, որը, կարծում եմ, ամրագրվելու է պատմության էջերում։ Եվ ինչպես պարոն Խուդոլիյը նշեց իր խոսքում՝ սա բարեգործություն չէ, սա համագործակցություն է, որն արտահայտում է մեր փոխադարձ ձգտումն ու կամքը՝ համայնքային նշանակության հանրային խնդիրների լուծման գործում։ Այս համատեքստում մենք շատ բարձր ենք գնահատում կոմբինատի կորպորատիվ, սոցիալական պատասխանատվության մակարդակը և այդ շրջանակում բարի կամքի դրսևորումը։
Ստորագրված փաստաթուղթն ընդգծում է մեր փոխգործակցության հետագա ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր կատարել դրանով նախատեսված առաջնահերթությունների իրականացման ուղղությամբ՝ Կապան համայնքի համաչափ զարգացումն ապահովելու համար:
Հուշագիրը ենթադրում է ամենատարբեր ոլորտներում համագործակցություն, որը ներառում է տնտեսական, սոցիալական, քաղաքաշինական, կրթության, մշակույթի, սպորտի և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտները։ Այն գործելու է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր տարվա համար նախատեսված գործողությունների պլանով։
Մանրամասները՝ այստեղ