Կանանց 81 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի 17:30-ին, իսկ տղամարդկանց 96 կգ A խմբի պայքարը կմեկնարկի 20:00-ին:
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 4 մասնակից:
Արդեն մեկնարկել է կանանց 81 կգ քաշայինների B խմբի պայքարը։ Հայաստանը ներկայացնում է աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը:
81 կգ քաշայինների A խմբում տիտղոսի համար կպայքարի 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Մ20 Եվրոպայի եռակի չեմպիոն Լիանա Գյուրջյանը:
Նա հայտավորվել է երկամարտի 230 կգ նախնական պատվերով: Լիանա Գյուրջյանի հետ տիտղոսի համար կպայքարեն նաեւ երկու թուրք ծանրորդներ Սարա Ենիգուն՝ նախնական հայտը 233 կգ եւ 2022 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դիլարա Նարինը՝ 240 կգ նախնական հայտով:
Կանանց 81 կգ քաշայինների A խմբի պայքարը կմեկնարկի 17:30-ին:
Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց 96 կգ քաշայիններ Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը եւ փոխչեմպիոն Արա Աղանյանը: Երկու ծանրորդներն էլ հայտավորվել են երկամարտի ամենաբարձր 380 կգ պատվերով: Նույնքան է հայտավորվել նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմադուչենը: Այս քաշային կարգում տիտղոսի համար կպայքարի 9 ծանրորդ:
Տղամարդկանց 96 կգ A խմբի պայքարը կմեկնարկի 20:00-ին: