Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել․ Ժաննա Անդրեասյանը՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մասին․ տեսանյութ

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2021-ին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից։

Եկեղեցու կողմից բարձրացված մտահոգությունները կամ իրենց դիրքորոշումը նոր չեն. մենք կարծում եմ՝ արդեն անցել ենք քննարկումների փուլը, որովհետեւ չափորոշիչի քննարկման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հայտարարել էր, որ իրենց համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ տարալուծելու  մոտեցումը եւ առաջարկել են շարունակել քննարկումը:

«2021-ին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները։ Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում այս տարվա սեպտեմբերից. Սա է իրավիճակը եւ այն չի փոխվում:

Ես չեմ կարծում, որ մենք բոլոր հարցերում պետք է ունենանք մեկ մոտեցում եւ մեկ տրամաբանություն: Շատ բնական է, որ կարծիքները կարող են տարբեր լինել եւ տարբեր էլ մնալ անգամ քննարկումներից հետո: Բայց ես կարեւոր եմ համարում, որ մենք կարողանում ենք բաց խոսել մեր տարբեր կարծիքների մասին: Մենք բավականին բաց խոսակցություն ենք ունեցել, ես ներկայացրել եմ չափորոշչի մեր մեթոդաբանությունը, մեր մոտեցումը եւ  վստահեցրել եմ, որ այն պատկերացումները, որ մենք ունենք, չպետք է վտանգեն այն կարեւոր արժեքների փոխանցման հարցում, որը բոլորս կարեւորում ենք:

Տեսնում եմ, որ դիմացի կողմից կա տարբեր ընկալում, որ մեթոդը պետք է լինի առանձին առարկայի տրամաբանության մեջ: Մենք այդպես չենք պատկերացնում եւ ես բացատրել եմ՝ ինչու: Խոսքը միայն եկեղեցու պատմություն առարկայի մասին չէ, այլ տարբեր առարկաների մասով ուսուցման մասին է: Մենք ինտեգրված մոտեցումն ենք որդեգրել: 

Մենք մեր դպրոցում ունեինք իրավիճակ, երբ յուրաքանչյուր առարկա ինքնաբավ գործում էր եւ շատ հաճախ երեխաների մոտ չէր ձեւավորվում միասնական պատկերացում, օրինակ, նույն բնության երեւույթի մասին: Ինտեգրված մոտեցումը հնարավոր է դրաձնում խաչվող գաղափարները տարբեր առարկաների մեջ դարձնել ավելի հասկանալի, տեսանելի, ընկալելի»,-հայտարարեց Անդրեասյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print