Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները

Շրջափակման 131 օրվա ընթացքում՝ Առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները:

Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները՝ խուսափելու համար սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Հաշվի առնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1,130 վիրահատության չեղարկման:

Շրջափակման 131 օրվա ընթացքում՝ Առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Տվյալ որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից, և վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը:

Պատասխանատուների կողմից լրացուցիչ ջանքեր են գործադրվել վիրահատությունների սահմանափակ քանակի համար անհրաժեշտ պարագաների որոշակի ծավալի ապահովման ուղղությամբ:

Հարկ է նշել, որ «Կարմի խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը։

_

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print