Շաբաթօրյակի ընթացքում հավաքված ամբողջ աղբը կտեղափոխվի քաղաքային աղբավայր։
Ապրիլի 29-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում վարչական շրջանների ղեկավարների, վարչությունների պետերի և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ նախապատրաստական և կազմակերպչական հիմնական աշխատանքներն ավարտված են: Հստակեցվել են այգիներն ու պուրակները, ինչպես նաև աղբի կուտակման քրոնիկ հասցեները: Մաքրման աշխատանքները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ից:
Այդ օրը կլվացվեն ու կմաքրվեն նաև քաղաքի հուշարձաններն ու արձանները:
Աշխատանքներին կներգարվվի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկան և աշխատուժը: Դժվարամատչելի հատվածներում տարածքների մաքրմանը կմիանան ԱԻՆ աշխատակիցները:
Շաբաթօրյակին կմասնակցեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, կրթամշակութային, առողջապահական հաստատություններն ու համայնքային մյուս կառույցները, ինչպես նաև պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունները:
Շաբաթօրյակի ընթացքում հավաքված ամբողջ աղբը կտեղափոխվի քաղաքային աղբավայր։
_