Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ․ Նատալյա Ռոտենբերգ – Արզաքանցյանը անդրադարձել է իր ձերբակալման որոշմանը

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը՝ անդրադառնալով մամուլի հրապարակած այն տեղեկությանը, որ Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգի ձերբակալման որոշում է կայացրել, տարածել է հաղորդագրություն։

«Ի պատասխան լրատվամիջոցների հրապարակումներին` հայտնում ենք, որ Նատալիա Ռոտենբերգը բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ Արկադի Ռոտենբերգից, 2013 թվականին, 2016 թվականին երկու կողմերը կնքել են ընտանեկան ակտիվների վերաբերյալ հաշտության համաձայնագիր, բայց որոշ ժամանակ անց, նախկին ամուսինը փոխել է իր միտքը, որից հետո շարունակվել է դատական գործընթացը:

Նատալիա Ռոտենբերգի նկատմամբ հայց ներկայացրած փաստաբանական գրասենյակը իրեն պաշտպանել է ընդամենը 1 օր դատարանում (1,5 ժամ դատարանում), ինքն անձամբ երբեք չի հանդիպել նրանց հետ և ծանոթ չէ:

Նրանց կատարած միակ աշխատանքը այն է եղել, որ նրանք դատական նիստին խնդրել են դատը տեղափոխվի մեկ այլ օր: Այլևս չեն ներկայացրել գործը ոչ մի դատարանում և նիստերում։ Դա միանգամյա ծառայություն էր, որի համար փաստաբանները պահանջել են ավելի քան £100.000: Նատալիա Ռոտենբերգը համաձայն չի եղել այդ գումարի չափի հետ, քանի որ նշված չափը չի համապատասխանում մատուցված ծառայություններին:

Ինչ վերաբերում է Նատալիա Ռոտենբերգի՝ դատարան չներկայանալու մեղադրանքին, ապա դա տրամաբանական է. Անգլիան 2018 թվականից դադարել է երկարաձգել երկիր մուտք գործելու վիզան ՌԴ քաղաքացիների համար, առավել ևս այնպիսի անձանց համար, ովքեր ունեն այսքան հայտնի ազգանուն, որը մտել է պատժամիջոցների մեջ։

Տրամաբանական չէ պահանջել այն, ինչ իրենք են արգելափակում ու չեն տալիս, առավել ևս նման անհեթեթ վճիռ կայացնել։ Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան դատարանում պաշտպանվել և ապացուցել իրենց իրավացիությունը, իսկ հետո նոր մեղադրանք առաջադրեն։

Այն է, որ փաստաբանները խնդրել են վճարել £100.000, Նատալիա Ռոտենբերգը անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները թվերով: Եվ եթե հարցը ընդամենը £11.500 է, ապա դա փոխում է ամբողջ պատկերը: Ինքը՝ Նատալիա Ռոտենբերգը չի տեսել վերադարձի գումարի և կալանքի որոշման վերաբերյալ որոշումը, և եթե վերջին որոշումը 11.500 ֆունտ ստերլինգի մարումն է, ապա նա պատրաստ է մարել այդ պարտքը:

Յուրաքանչյուր մարդ կարող է բախվել դատարանների հետ, և դա նորմալ է: Դրա համար էլ նրանք գոյություն ունեն, որպեսզի լուծեն նմանատիպ հարցերը, որոնք մարդիկ չեն կարողացել լուծել խաղաղ ճանապարհով։

Դրանից մեծ ողբերգություն սարքելու և ուռճացնելու անհրաժեշտություն չկա:

Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ»,- նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Լոնդոնի բարձր դատարանը Տիգրան Արզաքանցյանի կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, ձերբակալելու որոշում է կայացրել։ Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ Ռոտենբերգը հրաժարվել է վճարել ամուսնալուծության հարցերով զբաղվող իր փաստաբաններին և չի ներկայացել դատարան։

Պարբերականի տվյալներով՝ դատարանը ընդունել է, որ Նատալյա Ռոտենբերգը, մատուցված ծառայությունների համար, 11,5 հազար ֆունտ ստերլինգ չի վճարել Candey իրավաբանական ընկերությանը, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Ինչպես նշել են ընկերությունում, Ռոտենբերգը «որևէ կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։

The Telegraph-ը նշում է, որ նախորդ երկու լսումներին չներկայանալու համար դատավոր Էնդրյու Ռիչին Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթվա ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափելու ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print