Բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի․ Քոչարյանը՝ Տոնոյանի և Փաշինյանի հնարավոր բաց հրապարակային հանդիպում կազմակերպելու մասին

Քոչարյանի խոսքով՝ առաջարկը կքննարկվի եւ եթե հնարավոր լինի, կտան լուծումներ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը կքննարկվի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Դավիթ Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ հայտարարությանը։

«Մեր խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը երկու անգամ այցելել է Դավիթ Տոնոյանին։ Քննարկման փուլ անցնում ենք, գուցե, այդ փուլի արդյունքում է, որ պարոն Տոնոյանն արձագանքել է և պայմաններ է առաջարկել։ Այդ պայմանների մասին մենք անպայման զրույց կունենանք», – ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով Տոնոյանի առաջարկին՝ քննիչ հանձնաժողովում բաց հրապարակային հանդիպում կազմակերպել իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Չկասկածեք, որ առաջարկը կքննարկվի եւ եթե հնարավոր լինի, կտանք լուծումներ: Իմ խնդիրն առաջարկելն է և նայել՝ օրենսդրությունը թույլ տալի՞ս է նման ձևաչափով աշխատանքը կազմակերպել, թե՞ ոչ։ Մենք խոսել ենք բաց նիստ ունենալու հնարավորության մասին, բայց փակ մասեր անպայման կլինեն, բացն ու փակը հանձնաժողովը կքննարկի», ասաց Քոչարյանը։

Հիշեցնենք՝ այսօր Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ բացառելով իր մասնակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Փոխարենը նա առաջարկել էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ անցկացնել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print