Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով պատճառն այն է, որ կառավարությունը չի հասցրել ենթաօրենսդրական ակտեր մշակել զենքի շրջանառության սահմանափակման, քաղաքացիական հրաձգարանների և այլնի վերաբերյալ:
Զենքի շրջանառության կարգավորման մասին նոր օրենքի գործողությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել, այն ապրիլի 28-ի փոխարեն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
«Փաթեթով առաջարկվում է հետաձգել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի գործողության ժամկետը: Այս պահի դրությամբ նախատեսված է, որ պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո պետք է այս օրենքն ուժի մեջ մտնի: Պաշտոնական հրապարակումը եղել է հոկտեմբերի 27-ին, ուժի մեջ մտնելու ժամկետը ստացվում է ապրիլի 28-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաթեթից բխող 3 տասնյակ ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն, որոնք պետք է ապահովեն նոր օրենքի անխափան գործունեությունը՝ առաջարկվում է ժամկետը հետաձգել հուլիսի 1, որպեսզի կարողանանք կառավարության հաստատմանը բովանդակային առումով պատշաճ կերպով ներկայացնել բոլոր ենթաօրենսդրական ակտերը և ըստ այդմ պատրաստ լինել ամբողջական կիրառմանը»,-ասաց Հովհաննիսյանը:
Նույն ժամկետն առաջարկվում է նաև «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի շրջանակներում, որով հրաձգարանների լիցենզավորման պահանջն է նախատեսված: Դա թույլ կտա ապահովել լիցենզավորման կարգը, պայմանները, հրաձգարանների կահավորման պայմանները և այլն: