Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից․ փաստաբան

Հայցի համար հիմք էր հանդիսացել Իոաննիսյանի գրառումը, որով վերջինս հայտնում էր այն մասին, որ Հոխիկյանր վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։

Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն ներողություն կխնդրի Նաիրի Հոխիկյանից և կհերքի նրա նկատմամբ տարածած զրպարտությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարեց Նաիրի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի։

Հիշեցնեմ, որ հայցի համար հիմք էր հանդիսացել Իոաննիսյանի գրառումը, որով վերջինս հայտնում էր այն մասին, որ Հոխիկյանր վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն։

Նաև տեղին է հիշեցնել, որ հաղորդմամբ նախապատրաստված նյութերով հետագայում գործի վարույթը կարճվել էր։
Առհասարակ, ցանկալի է հետևել խոսքի հիգիենային, արտահայտվել փոխադարձ հարգալից, որ հետագայում 2 նախադասությամբ արտահայտված մտքի համար ներողություն խնդրելու և հերքում տարածելու կարիք չառաջանա»,-գրել է փաստաբանը։

Դատարանը վճռել է.

«Նաիրի Խաչիկի Հոխիկյանի հայցն ընդդեմ Դանիել Արայի Իոաննիսյանի զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի.

1․ Պատասխանող Դանիել Իոնաննիսյանին պարտավորեցնել սույն գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում՝ www.facebook.com սոցիալական կայքում՝ իր օգտահաշվի միջոցով, հրապարակայնորեն հերքել հայցվոր Նաիրի Հոխիկյանի վերաբերյալ 30.12.2020թ. արված Հրապարակումը, նույն հարթակում տեղադրելով Դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

«www.facebook.com սոցիալական կայքում իմ անձնական էջում 30.12.2020թ. կատարված հրապարկման մեջ Նաիրի Հոխիկյանին վերագրված ստեր տարածելը, այդ թվում՝ քրոջս մասին և «Էշ-Էշ դուրս տալը» իրականությանը համապատասխանող փաստացի տվյալներ չեն, այլ իմ ենթադրություններն էին, որոնք պետք է ուսումնասիրվեին ԱԱԾ-ի և ՀՀ գլխավոր դատախազության կողմից:

«Էշ-Էշ դուրս տալ» արտահայտության համար ներողություն եմ խնդրում Նաիրի Հոխիկյանից:

 Հայցապահանջը մնացած մասով՝ մերժել:

 Դանիել Արայի Իոնաննիսյանից հօգուտ Նաիրի Խաչիկի Հոխիկյանի բռնագանձել 204.000 ՀՀ դրամ, որից 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ 200.000 ՀՀ դրամը` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, մնացած մասով փաստաբանի վարձատրության գումարի բռնագանձման պահանջը՝ մերժել:

 Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված:

 Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»։

 Վճիռը կայացվել է երեկ՝ ապրիլի 25-ին։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով մեկամսյա ժամկետում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print