Տավուշի զինկոմի հետ կապված միջադեպը կապ չունի նրա ծառայողական գործունեության հետ․ ՔԿ

Տավուշի զինկոմ Լեռնիկ Օհանյանի նկատմամբ ավտոգազալցակայանում բռնություն գործադրելու միջադեպը կապ չունի նրա ծառայողական գործունեության հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեից։

«Լ․ Օհանյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Վերջինս վարույթով ճանաչվել է տուժող։

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ունեցածը կապ չունի նրա ծառայողական գործունեության հետ։ Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցակայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Լ․ Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության։

Տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։

Դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ 

Նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print