«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Կապան համայնքում եկամուտ ստեղծելու հնարավորությունների խթանում՝ երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացրել է մոնտաժի դասընթացներ Կապան և Քաջարան խոշորացված համայնքների 16-40 տարեկան երիտասարդների համար: Դասընթացը վարել է փորձագետ Սերյոժա Մելքոնյանը, ով հանդիսանում է «Ֆավորիտ սքուլ»-ի հիմնադիրը:
«Ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին փետրվար ամսին։ Կազմակերպության ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով բացվել էր ծրագրի մասնակցության հայտը, որի արդյունքում ստացել էինք 28 հայտադիմում: Հայտը հասանելի էր եղել մոտ 1 ամիս։ Կատարվել էր մասնակիցների ընտրություն և նույն օրն էլ ընտրված մասնակիցներին պաշտոնական էլեկտրոնային նամակագրության միջոցով տեղեկացվել էինք առաջին փուլը հաղթահարելու մասին,- մանրամասնել է «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ հիմնադիր նախագահ Տիգրան Ավագյանը։
Վերջինիս խոսքով՝ նախապես մասնակիցների քանակը պետք է լիներ 10 հոգի, բայց արդյունքում որոշվեց լրացուցիչ 3 տեղ հատկացնել, և մասնակիցների քանակը հասցնել 13-ի: Դասընթացը բարեհաջող ավարտ է ունեցել, իսկ լավագույն 5 մասնակիցները 1- ամսյա պրակտիկա կանցնեն ՏՏ ընկերություններում։








