Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 28-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը:
ՀՀ պաշտպանության նախարարը ողջունել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովին նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նրան հաջողություններ խաղաղապահ առաքելության ընթացքում:
Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ և խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող օպերատիվ իրավիճակն ու առկա խնդիրները, Լեռնային Ղարաբաղում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի անշեղ կատարման անհրաժեշտությունը և կարևորել Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի գործադրումը: