ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 129մլն․եվրո վճարել Վրաստանին

Ռուսական կողմը միջոցներ չի ձեռնարկել հակամարտության գոտում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները կանխելու համար, եզրակացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանին։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ 2008 թվականի պատերազմին հետևած հրադադարից հետո Ռուսաստանի իշխանությունները պատասխանատվություն էին կրում հակամարտության տարածաշրջանում ստեղծված իրավիճակի համար և պետք է ապահովեին Մարդու իրավունքների կոնվենցիայի պահպանումը։

Այնուամենայնիվ,  Ռուսաստանը թույլ է տվել վրացի խաղաղ բնակիչների սպանություններ, քաղաքացիական անձանց և ռազմագերիների խոշտանգումներ, կամայականորեն մարդկանց զրկել ազատությունից, թալանել, խանգարել է վրացիների վերադարձը Հարավային Օսիայի և Աբխազիայի իրենց տները, ասված է այսօր դատարանի կայքում հրապարակված որոշման մեջ:

Ռուսական կողմը միջոցներ չի ձեռնարկել հակամարտության գոտում խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները կանխելու համար, եզրակացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուսաստանը դադարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ լինելուց։ Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը հայտարարեց, որ պահպանում է Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված դիմումները քննարկելու իր իրավասությունը, պայմանով, որ դրանք ուղարկվել են մինչև այդ օրը: Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 16-ին, հայտնի դարձավ, որ Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու պատճառով ՄԻԵԴ-ը դադարեցրել է քննել Ռուսաստանից ստացվող բողոքները: Միաժամանակ նշվում է, որ ՄԻԵԴ-ում պետք է քննվեն մինչև 2022 թվականի մարտի 16-ը ռուսաստանցիներից ստացված գործերը, և մինչ այդ օրը կայացված որոշումները պետք է կատարվեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print