2023թ. ԶՊՄԿ-ի կողմից վճարված հարկը իրականում աննախադեպ ցուցանիշ է

Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) 2023թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե է վճարել 15.49 միլիարդ դրամ հարկ, իսկ 2022թ. նույն ժամանակահատվածում՝ 35.4 միլիարդ դրամ։ Այդ կապակցությամբ սոցիալական ցանցերում և մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ եղան, թե ինչու է պակասել ԶՊՄԿ-ի կողմից բյուջե վճարած հարկի չափը առաջին եռամսյակի համար։ Radar Armenia-ն փորձել է պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված ԶՊՄԿ-ի վճարած հարկի նվազման և 2022թ. համեմատ նման տարբերության պատճառը։

Դեռ 2022թ. մարտի 4-ին ՀՀ Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ ԶՊՄԿ-ի կողմից նախկինում հարկերը չվճարելու հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիարդի վնաս։ Հարուցվել էր քրեական գործ, դեպքը բացահայտվել էր 2021թ. դեկտեմբերին, իսկ արդեն 2022թ. պետական բյուջե էր փոխանցվել պետությանը պատճառված շուրջ 15 միլիարդ դրամը։ ՊԵԿ նախագահ նաև նշել էր, որ ԶՊՄԿ-ի նախկին տնօրենի դեմ քրեական գործ էր հարուցվել և վերջինս ընդունել էր մեղադրանքը։ Հետևաբար 2022թ. առաջին եռամսյակում գոյացած 35.4 միլիարդ դրամ հարկի շուրջ 15 միլիարդը ձևավորվել էր այդ բացահայտման արդյունքում։

2022թ. առաջին եռամսյակում նման աննախադեպ հարկերի գոյացման պատճառներից մեկն էլ այն էր, որ նախորդ տարի գործել էր, այսպես կոչված, հում-հանքաքարի արտահանման տուրքը կամ հարկատեսակը, որը 2023թ. այլևս չի գործում։ Ըստ կարգավորման՝ պղնձի խտանյութի դեպքում տուրքի չափը 1 տոննայի դեպքում կազմել է 160 հազար, իսկ մոլիբդենի դեպքում՝ 800 հազար դրամ տուրք, որը արտահանման դեպքում պարտավոր էր վճարել հանքարդյունաբերող ընկերությունը։ Քանի որ հարկի կամ տուրքի այս տարբերակը դժվարություններ էր առաջացնում հանքարդյունաբերողների համար և դրա շարունակականությունը կարող էր լրջագույն խնդիրներ առաջացնել ոլորտում, այդ հարկատեսակը որոշվել էր վերացնել։ Ըստ էության, նախորդ տարվա հունվար֊մարտ ամիսների ռեկորդային հարկերի նման ցուցանիշի վրա ազդեցություն է ունեցել նաև այս հանգամանքը, որը հարկատվության մեծացման մեջ ապահովել է շուրջ 5-6% ակտիվություն։

Պետք է նկատել, որ 2022թ. հունվար-մարտ ժամանակահատվածի համեմատ այս տարի պղնձի խտանյութի գինը 20-22%-ով նվազել է, ինչը նույնպես նպաստել է հարկատվության նվազմանը։ Եթե նախորդ տարի 1 տոննա պղինձն արժեր մոտ 10 հազար դոլար, ապա այժմ այդ գինը տատանվում է 7-8 հազարի սահմաններում։

Պակաս առանցքային չէ նաև ԱՄՆ դոլարի արտարժույթի փոփոխությունը. նախորդ տարվա առաջին եռամսյակում դոլարի գինը դրամով արտահայտած բավականին բարձր էր։ Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերողները հիմնականում արտահանող ընկերություններ են՝ պարզ է, որ դոլարի փոխարժեքի տատանումը լուրջ ազդեցություն է թողնում տնտեսության այս ոլորտի վրա։ Հետևաբար, հարկի նվազման համատեքստում շուրջ 22-30% ազդեցություն է ունեցել դրամ-դոլար գնի տարբերությունը։

Նկատի ունենալով վերը նշված գործոններն ու դրանց համակցությունը՝ 2023թ. ԶՊՄԿ-ի կողմից վճարված 15.49 միլիարդ դրամի չափով հարկը նույնպես աննախադեպ ցուցանիշ է։ Առավել արտահայտիչ ու համեմատական պատկեր ունենալու նպատակով Radar Armenia-ն ի մի է բերել 2013-2022թթ. ընթացքում ԶՊՄԿ-ի վճարած հարկերը՝ նախ տարվա առաջին եռամսյակի, ապա ամբողջ տարեկան կտրվածքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print