FlyONE Armenia ավիաընկերությունը ճամփորդական ծրագրերում իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը։ Այդ մասին ասված է Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի Ֆեյսբուքի էջում։
«Ի պատասխան ԶԼՄ մեր գործընկերների բազմաթիվ հարցումների, հարգելի գործընկերներ, FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։ Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։