Մայիսի 1-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում Ասկերանի շրջանային բաժնից տեղեկություն է ստացվել, որ առավոտյան ժամը 08։35-ից սկսած` մոտ 10 րոպե տևողությամբ, կարկուտ է տեղացել Ասկերանի շրջանի Պատարա և Խանք համայնքների տարածքում։
Կարկուտի տեսքով տեղումները շարունակվել են նաև Ասկերանի շրջանի Խաչեն և Հիլիս համայնքներում։
Բնական աղետի պատճառած վնասների չափը ճշտվում է։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ուժեղ քամու ուղեկցությամբ կարկուտ էր տեղացել Մարտակերտի շրջանի շուրջ 36 համայնքներում։
Կարկուտից վնասվել էին բանջարաբոստանային կուլտուրաներ և այգիներ, 35 ավտոմեքենա, 9 ջերմոց, արևային 5 ջրատաքացուցիչ, բնակելի տան 26 տանիք, 1 անասնաֆերմայի պատ փլվել է, 9 գլուխ հորթ սելավի հետևանքով քշվել է դեպի ձորը:
Բնական աղետից ամենաշատը տուժել է Չլդրան համայնքը։ Մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը գետնին է հավասարեցրել գյուղացիների մշակած այգիները։ Համայնքներում ամբողջությամբ գույքագրում են կրած վնասների չափը։