Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների

Երիտասարդների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 3-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում:

Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների:

Եվս երեք բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար:

Տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:

Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գոռ Ազիզյանը (57 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ), վստահ հաղթանակներ են տարել կիսաեզրափակչում և դուրս գալով եզրափակիչ՝ կպայքարեն հաղթողի տիտղոսի համար:

Երիտասարդների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 3-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում:

Մուտքն ազատ է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print