Վեդանտ Փաթելը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պետքարտուղար Բլինքենը պատրաստվում է կրկին հանդիպել կողմերի հետ՝ նշելով. «Ես չեմ ցանկանում առաջ ընկնել այս շաբաթվա ժամանակացույցից»:
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Փաթելը մայիսի 2-ին կայացած լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում ընթացող բանակցությունների մասին հարցերին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Փաթելն իր խոսքում նշել է, որ պետքարտուղարությունը չունի որևէ հավելյալ տեղեկություն այս պահին տրամադրելու համար: Նա ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը՝ կարգավորմանը հասնելու համար և շեշտել, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին և Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանմանը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե ովքեր են ընդգրկված Վաշինգտոնում ընթացող բանակցություններում, պետքարտուղարության փոխխոսնակը նշել է.
«Բանակցություններին մասնակից երկու երկրներն իրենք կմեկնաբանեն իրենց պատվիրակությունների մասին: Ամերիկյան կողմից մենք ունենք մի շարք պաշտոնյաներ, որոնք խորապես ներգրավված են այս հարցում: Ակնհայտորեն, Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն խորապես ներգրավված է ոչ միայն այս հանդիպումների շրջանակում, այլև Հարավային Կովկասում իր շարունակական ներգրավվածության միջոցով: Ինչպես գիտեք՝ պետքարտուղար Բլինքենը երեկ առավոտյան մասնակցել է լիագումար նիստին, իսկ կիրակի երեկոյան հյուրընկալել նախարարներին ընթրիքի ընթացքում: Այսպիսով, մենք կշարունակենք խորապես ներգրավված մնալ այստեղ»,- ասել է նա:
Վեդանտ Փաթելը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք պետքարտուղար Բլինքենը պատրաստվում է կրկին հանդիպել կողմերի հետ՝ նշելով. «Ես չեմ ցանկանում առաջ ընկնել այս շաբաթվա ժամանակացույցից»: Նա նաև չի տրամադրել որևէ մեկնաբանություն ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքների ու սպասումների կապակցությամբ՝ շեշտելով՝ մենք կսպասենք այս գործընթացի ավարտին մեկնաբանություն անելուց առաջ:
–