Աքարի կարծիքով` թուրքական կողմին ոգևորում են վերջին իրադարձությունները, ինչպես, օրինակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի փետրվարյան այցը Թուրքիա։
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով պարբերական բախումներն ու լարվածությունը մտահոգիչ են։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հոդվածում, որը հրապարակվել է «TRT World» պարբերականում, հայտնում է Sputnik Արմենիան։
Թուրք նախարարը խոսել է նաև նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղության համաձայնագրին հասնելու ճանապարհին հաջողության բացակայության մասին։
«Իրավիճակն անկայուն է, և խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման մեր հույսն աստիճանաբար կորչում է․.. Թեև հակամարտությունն այժմ սառեցված է, սակայն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի մշակումը», – գրում է Աքարը։
Հոդվածում պաշտոնյան ներկայացնում է Հայաստանին ուղղված ավանդական հավակնություններն ու մեղադրանքները, որոնք կապված են, օրինակ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ցանկության բացակայության հետ, որը Ադրբեջանի պահանջած արտատարածքային երթուղին է դեպի Նախիջևան՝ հայկական տարածքով։ Աքարը պնդում է, որ միջանցքը սպառնալիք չի ներկայացնում ոչ մի այլ երկրի համար: Այն իբր նպաստելու է տարածաշրջանային համագործակցությանը, կայունությանն ու զարգացմանը ։
Աքարի կարծիքով` թուրքական կողմին ոգևորում են վերջին իրադարձությունները, ինչպես, օրինակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի փետրվարյան այցը Թուրքիա։
«Ներկա պահին ընթանում են Ալիկան-Մարգարա սահմանային դարպասի բացման նախապատրաստական աշխատանքները, որոնք օգտագործվել են հայ փրկարարների՝ երկրաշարժի գոտի անցնելու համար։ Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս դժվարին պահին նրանց օգնություն ցուցաբերելու համար։ Հայաստանի և նրա հարևաններ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար և, հուսով եմ, հետ շրջելով պատմական թշնամանքը` ճանապարհ կհարթի ամուր բարեկամության և համագործակցության համար», – նշվում է հոդվածում։