Ծանրորդներին կարգելվի բեմ դուրս գալ ազգային դրոշներով

Այսուհետ դրոշները կցուցադրվեն մեդալների հանձնման արարողության ժամանակ, բայց որպես պատկերներ էկրանի վրա և այլ ոչ մարզիկների ձեռքում:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) մարզիկներին կարգելի պարգևատրման արարողություններին բեմ դուրս գալ ազգային դրոշներով, հայտնում է insidethegames.biz-ը՝ վկայակոչելով ֆեդերացիայի նախագահ Մուհամեդ Ջալուդի հայտարարությունը։

Ջալուդը մանրամասնել է, որ որոշումը պայմանավորված է նախորդ ամիս Երևանում Եվրոպայի առաջնությունից առաջ բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշի այրման, ինչպես նաև 2022 թվականին Ալբանիայում Եվրոպայի պատանեկան առաջնությունում Թուրքիայի և Հայաստանի մարզիկների միջև ազգային դրոշների հետ կապված միջադեպերով: Անցյալ տարի Ալբանիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում թուրք մարզիկը անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հայ ոսկե մեդալակրին։ Այն բանից հետո, երբ Հայաստանի լավագույն ծանրորդներից Գարիկ Կարապետյանին հանձնեցին իր մեդալը, Էմրե Օզթուրքը փորձել էր ծածկել հաղթողի հայկական դրոշը թուրքականով, Հայաստանի օրհներգի ժամանակ նա լքել էր ամբիոնը և հրաժարվել ձեռքսեղմումից: 

«Մենք սպորտ ենք, մենք ներկայացնում ենք խաղաղությունը, այլ ոչ թե կռվելն ու վիճելը, թե ով է ավելի լավը: Մենք չենք ուզում, որ մարզիկները փոքր պոդիումներին փորձեն առաջ մղել իրենց դրոշները՝ ծածկելով միմյանց: Սա սպորտ չէ»,- ասել է Ջալուդը:

Նա նշել է, որ անցած շաբաթ քննարկել է իրավիճակը IWF-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոյի և Տեխնիկական կոմիտեի նախագահ Սեմ Կոֆայի հետ, նախքան կոմիտեն համաձայնեցրել է արգելքը:

«Երևանում տեղի ունեցածը հաշվի է առնվել, երբ մենք խոսում էինք այս մասին»,- ասել է Ջալուդը։

Այսուհետ դրոշները կցուցադրվեն մեդալների հանձնման արարողության ժամանակ, բայց որպես պատկերներ էկրանի վրա և այլ ոչ մարզիկների ձեռքում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print