Սյունիքի մարզպետն ընդունել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարչին

Հյուրերը Սյունիք են եկել ծանոթանալու նախորդ տարիներին բանկի միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքներին ու ներկայացնելու առաջիկայում մեկնարկող ծրագիրը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի տնօրեն Արամ Մեյմարյանին և ՊՏԱԾ-Հ ծրագրի թիմի ղեկավար Միշել Բլիմսրիդերին։

Հանդիպմանը մասնակցել են նաև, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը և Կապանի անտառտնտեսության տնօրեն Սասուն Մանուկյանը։

Հյուրերը Սյունիք են եկել ծանոթանալու նախորդ տարիներին բանկի միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքներին ու ներկայացնելու առաջիկայում մեկնարկող ծրագիրը։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ մարզում իրականացված աշխատանքների համար, որոնք տեսանելի են հատկապես պահպանվող տարածքների մերձակա բնակավայրերում։

Մարզպետը շեշտել է, որ բանկի աջակցությամբ կատարված աշխատանքները կարևոր են թե՛ բնապահպանական, թե՛ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման առումով։

Հանդիպման ընթացքում KfW-ի ներկայացուցիչները տեղեկացրին նաև նոր՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրի մասին, որի բյուջեն տրամադրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը՝ KfW-ի միջոցով: Առաջիկայում սպասվում է պայմանագրի ստորագրումը, ու այս տարվա ընթացքում այն կմեկնարկի։

Նոր ծրագրի իրականացման վայրերից մեկը Սյունիքն է, ու նրա առանցքում կլինեն ինչպես անտառը, այնպես էլ պահպանվող տարածքների կառավարման պլանները, վարչական շենքերի նորոգումը, իրազեկման բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքը, տեղական կայուն զարգացումն ու զբոսաշրջությունը։

Նշելով, որ հատկապես այս ժամանակաշրջանում Սյունիքում շատ կարևոր են նման ներդրումներն ու ծրագրերը, որոնք նաև լավատեսության ազդակ են բնակիչների համար՝ մարզպետը արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print