«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն այլևս լույս չի տեսնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից հրատարակվող «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը հաջորդ ամսվանից այլեւս դադարելու է լույս տեսնել, քանի որ դադարեցվել է օրաթերթի ֆինանսավորումը, եւ կրճատվել է նաեւ աշխատակիցների թիվը:

Մեր տեղեկություններով՝ օրաթերթի ֆինանսավորումը դադարեցնելու որոշում կայացվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից:

Ո՞րն է ֆինանսավորումը դադարեցնելու պատճառը. մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրաթերթի աշխատակազմը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, վերջինս էլ որոշել է դադարեցնել ֆինանսավորումը, որպեսզի այն այլեւս լույս չտեսնի:

«Ժողովուրդ» օրաթերթին «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը հայտնեց. ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետիրոջ լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի որոշմամբ՝ 2023թ. հունիսի 1-ից կդադարեցվի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթի տպագրությունը։
Որոշումը պայմանավորված է թերթերի՝ 2022թ. ֆինանսական ցուցանիշների ամփոփ հաշվարկով եւ ծախսարդյունավետության նվազ մակարդակով։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը եւ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթը 2017 թվականից գործում են ««Արմենպրես» պետական լրատվական գործակալություն» ՓԲԸ կազմում, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը»։

Նշենք, որ «Հայաստանի Հանրապետություն»-ը Հայաստանում լույս տեսնող պաշտոնական թերթ է, որը հրապարակվում է դեռեւս 1990թ.-ից:

Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print