Իգոր Խաչատուրովն արդարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին, արդարացնելու մասին որոշում է կայացրել՝ մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, 2022–ի մայիսի 17-ին Երևանի Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։

Հուլիսի 11–ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ էր արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print