Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն մայիսի 5-ին չհայտարարված այց է իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես` երեխաների աջակցության կենտրոնում պահպանված չեն եղել անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը. սենյակներում մահճակալները եղել են իրար միացված կամ շատ մոտ։
Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների։
«Ապահովված չեն եղել առանձնացված պայմաններում երեխաների հիգիենան ինքնուրույն բավարարելու հնարավորությունները: Օրինակ` զուգարանների դռների մեծ մասը չեն փակվել ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են եղել միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայել է նաև միջնապատը»,– գրված է հաղորդագրութունում:
Նշվում է նաև, որ հաստատությունում ապահովված չեն եղել սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմանները։
«Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս»,– նշված է հաղորդագրությունում։
Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:
ՀՀ ՄԻՊ հաղորդագրությունում նշվում է նաև, որ արձանագրված մի շարք խնդիրներ համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։
Արձանագրված խնդիրները պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ:
Նշվում է, որ խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:





