Ներկայացված օրինագծում ամրագրված են ճանապարհի, գիշերակացի, սննդի եւ այլ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պահանջները, ուստի առանց նման համաձայնությունների առկայության կամավորների ներգրավումը անհնար կդառնա։
Հայաստանում կամավորական գործունեությունը կկարգավորվի օրենսդրական մակարդակով։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացնելով ասել է հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։
Նման փորձեր, ըստ նրա, առաջ էլ են արվել՝ 2006-ին, 2010-ին, 2015-ին եւ 2017-ին։ «Այնուամենայնիվ, մեզ այդպես էլ չի հաջողվել հասնել վերջնական արդյունքի։ Մենք չունենք իրավական ակտ, որը կլուծեր կամավորական շարժման խնդիրները։ Փաստորեն, նման օրենք մեր երկրում ընդունվում է առաջին անգամ»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ հանրապետությունում գործում է մոտ 124 պետական կառույց, որոնք ունեն կամավորական ծառայություններ օգտագործելու իրավունք։
Ըստ նախագծի՝ հիմնական պայմաններից մեկը պայմանագրի ստորագրումն է, որում սահմանվելու են կամավորների ներգրավման պայմաններն ու մանրամասները, ինչպես նաեւ երաշխիքները։
Սարգսյանի խոսքով՝ ներկայացված օրինագծում ամրագրված են ճանապարհի, գիշերակացի, սննդի եւ այլ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ պահանջները, ուստի առանց նման համաձայնությունների առկայության կամավորների ներգրավումը անհնար կդառնա։
Կամավոր կարող է դառնալ ցանկացած մարդ, որի 16 տարին լրացել է։ Ընդ որում՝ առանձին ուղղությունների համար կպահանջվի պրոֆիլային կրթության առկայություն կամ համապատասխան հավաստագիր։ Խոսքը, մասնավորապես, կամավորների մասնակցության մասին է բժշկական, տնտեսական, իրավաբանական եւ այլ ոլորտներում։
Տարբեր կամավորական շարժումներում ներգրավվելը թույլ կտա մասնակցին կուտակել անհրաժեշտ փորձ հետագայում աշխատանքի տեղավորվելու համար։ Այս ամենը, փոխնախարարի հավաստիացմամբ, հաշվի կառնվի։