Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման․ Գևորգ Պապոյան

Պապոյանը վստահեցրել է, որ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իշխանությունների օրակարգի հարց է, որից չեն շեղվի:

Եթե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանին ձեռք չտա, և ձեռք տա միայն Թուրքիային, Թուրքիան սահմանը կբացի 5 վայրկյանում, որովհետև Հայաստանը չի սահմանը փակել, այլ Թուրքիան՝ Հայաստանին տնտեսապես ճնշելու համար, և դա նրանք երբեք չեն թաքցրել։ Նման հայտարարություն է արել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով՝ տեսակետը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, ծիծաղելի է. «Դա որևէ առնչություն չունի իրականության հետ»։

Պապոյանը ներկայացրել է նաև հայ-թուրքական սահմանի բացման հետևանքները. «Հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկային մուտքերի ավելացման, սոցիալական վիճակի էական լավացման։ Թուրքիան, որպեսզի աջակցի Ադրբեջանին ԼՂ հարցում, սահմանը փակ է պահել»։

Նա աբսուրդ և հիմարություն է որակել սահմանների փակման կապակցությամբ ՀՀ-ում տիրող ուրախությունը։

Պապոյանը վստահեցրել է, որ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իշխանությունների օրակարգի հարց է, որից չեն շեղվի. «Դա ՀՀ արտաքին քաղաքականության հիմնադրույթն է, իսկ արտաքին քաղաքականությունը վարում են վարչապետն ու ԱԳՆ-ն։ Հետևաբար, հարաբերությունների հետ կապված ինչ անում կամ խոսում ենք, պետք է դիտարկել վարչապետի հայտարարությունների ու գործողությունների կոնտեքստում»։

Պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշել է, թե թուրքական կողմի դժգոհությունը հարուցած «Նեմեսիս»-ին նվիրված հուշարձանը հեռացնել-չհեռացնելու հարցը տեղական իշխանությունների տիրույթում է. «Հասկանում ենք, որ այդ արձանի տեղադրումը որոշակի դժվարություններ է առաջացրել։ Կարծում եմ՝ այդ դժվարությունները հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով»։ Թունյանն ասել է, թե դժվարանում է պատասխանել՝ ինչպե՞ս կավարտվեն բանակցությունները։

Ըստ նրա՝ այս հարցով խմբակցությունում քննարկումներ չեն եղել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print