ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել է վրացական իշխանություններին Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման դեպքում սպասվող պատժամիջոցների մասին։
Այս մասին վրացական Accent հրատարակությանը հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։
Հայտարարության մեջ ասվում է, որ որոշ արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք։ Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, դա կարող է հանգեցնել պատժամիջոցների վրացական ավիաընկերությունների դեմ, որոնք շահագործում են ներմուծման և արտահանման հսկողության տակ գտնվող ինքնաթիռներ։
Պետդեպն ընդգծել է, որ այժմ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու ժամանակը չէ, ինչպես նաև նշել է, որ օդային հաղորդակցությունը վերականգնելու կամ վրաց ժողովրդի համար վիզային ռեժիմը փոխելու փոխարեն ավելի լավ կլիներ, եթե ՌԴ-ն իր զորքերը դուրս բերեր Վրաստանի տարածքից։
Հիշեցնենք` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 10-ին հրամանագրեր է ստորագրել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու և մայիսի 15-ից այդ երկրի հետ ուղիղ չվերթների թույլտվության մասին։ ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, ետ է կանչել ռուսներին Վրաստան մեկնելուց զերծ մնալու հանձնարարականը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է սահմանափակում մտցնի Ռուսաստանի քաղաքացիների համար 90 օր ժամկետով առանց վիզայի ռեժիմի գտնվելու համար։ Նա Կրեմլի քայլերն անվանել է «սադրանք»։