Ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից․ Պապիկյան

Յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։

Ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի չափը ենթակա չէ վճարվելու, եթե ֆիզիկական, շարային և կրակային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ ծառայողական գիտելիքների գնահատման թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման ու ստացած գնահատականների հիման վրա զինծառայողների հավելավճարների հաշվարկման նոր կարգին վերաբորող որոշման նախագիծը։

Պապիկյանը հստակեցրեց, որ յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։ 30-34 հարցերի ճիշտ պատասխանողը կստանա «բավարար», 35- 44 ճիշտ պատասխանի դեպքում` «լավ», իսկ 45 և ավելի հարցերի ճիշտ պատասխանողները կստանան «գերազանց» գնահատական։

Ընդհանուր ատեստավորումից «գերազանց» է ստանում այն զինծառայողը, ով պատրաստվածության բոլոր ձևերից ու ծառայողական գիտելիքներից ստանում է միայն «գերազանց»։ «Լավ» կգնահատվի այն զինծառայողը, ով բոլոր ստուգարքներից կստանա «գերազանց» և միայն մեկից` «լավ»։ «Բավարար» կգնահատվի, եթե մեկ ստուգարքից ստանա «բավարար», մյուսներից` «լավ» և «գերազանց»։

Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար»` 230 000 դրամ հավելավճար։

Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։

Նշենք, որ հավելավճարները տրվելու են ամեն ամիս։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print