Բաքվին և Երևանին կոչ ենք անում իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով․ ԱՄՆ պետքարտուղարություն

Պատելի խոսքով՝ պետքարտուղարությունը վստահ է, որ քննարկումներն արդյունավետ էին ու հիմք են ստեղծել Բրյուսելում շարունակության համար

Տեղի ունեցած միջադեպը  խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը դեպի կայուն և արժանապատիվ խաղաղություն: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը իր ճեպազրույցում՝ անդրադառնալով նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը:

«Մենք երկու երկրների ղեկավարներին կոչ ենք անում, որ երբ նրանք հանդիպեն Բրյուսելում ամսի 14-ին, համաձայնեն իրենց ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով, ինչպես քննարկվել է պետքարտուղար Բլինկենի կողմից՝ այստեղ՝ Վաշինգտոնում, մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցություններին իրենց մասնակցության ժամանակ», – ասել է փոխխոսնակը։

Պատասխանելով այն հարցին թե ինչպես է դիտարկում պետքարտուղարությունը Ռուսաստանի դիրքորոշումն, քանի որ նրանք կասկած են հայտնել պետքարտուղարի լավատեսության և Վաշինգտոնում կայացած բանակցության կապակցությամբ, Պետելը նշել է․ «Երկար ժամանակ չեմ ծախսում մտածելու համար, թե ինչ է ասում ՌԴ կոլեգան իր ամբիոնից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում պետքարտուղարությունը շարունակելու է խորապես ներգրավված մնալ։ Ուրախ էինք 2 երկրներին հյուրընկալել, և վստահ ենք, որ քննարկումներն արդյունավետ էին ու հիմք են ստեղծել Բրյուսելում շարունակության համար»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print