Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի գյուղերում ականներ են տեղադրում, ինչի հետևանքով հայ գյուղացիներից շատերի կենդանիները սատկում են։ Այս մասին ասուլիսում ասաց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած զեկույցը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նշենք, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է նոր ականներ տեղադրել և հրաժարվում է ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց։
«Ադրբեջանցիներն ագրեսիվ ապատեղեկատվություն են տարածում։ Այն, ինչ իրենք են անում, «գցում են» հայկական կողմի վրա ու ագրեսիայի հիմքեր են ստեղծում։ Դրանցից ամենավառ օրինակն ականների տեղադրման հարցն է։ Մենք խոսում ենք մարդկանց հետ և պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողները գրեթե ամեն տեղ ականներ են տեղադրում, քանի որ կենդանիներ են սատկում ականների պայթյուններից, մարդիկ էլ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը։ Ադրբեջանական զինծառայողները բացի նմանատիպ քայլերի դիմելուց, նաև պարզապես զավթել են հայկական հողերը, արոտավայրերը, տները»,– նշեց Թաթոյանը։
Նրա խոսքով` ակնհայտ է դառնում, որ Բաքուն այդ տարբերակով փորձում է հայաթափել այդ հատվածները։
Հիշեցնենք` դեռ 2022 թվականին Արարատ Միրզոյանն անդրադարձել էր Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել։
Նա արձանագրել էր, որ այդ ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: