Մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը և այս պահի դրությամբ «Բասարկեչարի շրջանի Զոդ (Գեղարքունիքի մարզի Սոթք) բնակավայրի ուղղությամբ նկատվում է հարաբերական անդորր, նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտնում minval.az-ը։
Միաժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե վերջին մեկ օրվա ընթացքում հայկական զինուժը ականանետերից և հրետանային զինատեսակներից 17 անգամ գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը այլ՝ Քելբաջարի, Լաչինի և Թովուզի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղություններով:
Բաքուն նաև հաղորդում է, թե «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում (Արցախում) գտնվող հայկական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից 9 անգամ կրակել են ադրբեջանական բանակի դիրքերի վրա Տերտերի, Խոջալուի, Շուշայի (Շուշիի) և Լաչինի շրջանների ուղղություններով»։
«Ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները բոլոր հատվածներում ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր, օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ», – ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, սակայն, ադրբեջանական կողմը Սոթքի ուղղությամբ անօդաչու թռչող սարք է կիրառել, վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը՝ բավարար: