Անկլավների հարցը Բրյուսելում չի քննարկվել. ՀՀ փոխարտգործնախար

Հայ–ադրբեջանական կոնտեքստում անկլավների հարցը Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ չի քննարկվել։ Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Հայաստան–ԵՄ հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը` անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն առնչվող հայտարարությանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ Միշելը երեկ հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում (Արցախը նույնպես այս տարածքում է. խմբ.)։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։ Այդ առնչությամբ լրագրողները փոխարտգործնախարարից հետաքրքրվեցին արդյոք բարձրացվել է այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» թեման։

Հովհաննիսյանը նշեց, որ այդ թեմայով որևէ քննարկման մասին չի լսել ո՛չ անցյալում, ո՛չ էլ հիմա։ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն հարցին` արդյոք տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը ենթադրում է ադրբեջանական զինուժի հետքաշում Հայաստանի ինքնիշխան տարածքից։ «Ինչ վերաբերում է զորքերի դուրսբերմանը, ապա այդ գաղափարը քննարկվել է մեր մի շարք գործընկերների կողմից, մասնավորապես ԵՄ–ի և ԱՄՆ–ի։ Իհարկե, ճանաչումը ենթադրում է զորքերի դուրսբերում»,– ասաց փոխարտգործնախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print