Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Շենգենյան վիզա ստանալու նպատակով քաղաքացիների կողմից ԵՄ անդամ երկրների դեսպանատներում ազատ ժամ վերցնելու համար վճարվող գումարներն։
«Ինձ շատ հստակ հասել են տեղեկություններ, որ բազմաթիվ տուրիստական գործակալություններ ազատ ժամերը ամրագրում են, և այդ է պատճառը, որ նման իրավիճակ է այսօր, սա խնդիր է, ու այս ուղղությամբ պետք է աշխատել»,– ասաց Եվրամիության պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ որոշ ԵՄ անդամ երկրների դեսպանատներ արդեն փոխել են իրենց ընթացակարգը, օրինակ` Գերմանիան ու Լիտվան։
Շենգենյան վիզա ստանալու նպատակով վիզաների աջակցման կենտրոն դիմող քաղաքացիները երբեմն ստիպված են մի քանի ամիս սպասել՝ ազատ պատուհանի համար։ Իսկ արդեն տոմս ունեցող և վիզայի կարիք ունեցող քաղաքացիներին առաջարկում են հավելյալ վճարում կատարել՝ այսպես ասած իրենց հերթն «առաջ գցելու» համար։