Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը նշել է, որ «Ղարաբաղի մարզն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և, ինչպես Ադրբեջանում ապրող մյուս էթնիկ փոքրամասնությունները, երկրի օրենսդրության շրջանակներում ապահովվելու են հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»։
Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի արտահայտած տեսակետներին։
Հիշեցնենք՝ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, մայիսի 15-ին հայտարարել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ»:
Հաջիզադեն այդ կապակցությամբ ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում բոլորին է հայտնի:
«Մեր երկրի դիրքորոշումն այս հարցում բոլորին է հայտնի։ Եվրամիության դեսպանի այս կարծիքները, որոնք միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտմամբ փորձ է արվում միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, անընդունելի են։
Ղարաբաղի մարզն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և, ինչպես Ադրբեջանում ապրող մյուս էթնիկ փոքրամասնությունները, մեր երկրի օրենսդրության շրջանակներում ապահովվելու են հայ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։
Պետք չէ խոչընդոտել հայ բնակիչների հետ այս ուղղությամբ երկխոսության ադրբեջանական կողմի ջանքերին, անհրաժեշտ է վերջ տալ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ կանխակալ կարծիքներին», -ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը: