Նշվում է նաև, որ Ռաշադ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների անունից կազմակերպել է Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից կազմված 200 կեղծ քարտեզների բաշխումը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է Հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ գտնվող անձանց, հայտնում են տեղի լրատվական ծառայությունները։
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կալանավորվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980 թվականին ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության և մեր երկրի դեմ ահաբեկչական դիվերսիա իրականացնելու մեջ։ Ահմեդովն ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքները», – ասվում է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության, Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու համար Ահմեդովը ներգրավել է 1991 թվականին ծնված Ռովշան Ամիրովին և մի շարք այլ անձանց, ովքեր տեսանյութեր են պատրաստել Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության դեմ կոչով, դրանք տարածել Youtube-ում։
Նշվում է նաև, որ Ռաշադ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների անունից կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացիների միջև էթնիկ անջատողականության նպատակով Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից կազմված 200 կեղծ քարտեզների բաշխումը։
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նաև այլ դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ», – հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:
Գերատեսչությունը նշում է, որ Ահմեդովի և Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ահմեդովը մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստման, օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից հակապետական գործունեության հրապարակային կոչերանելու մեջ, իսկ Ամիրովը՝ դավաճանության և օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից հակապետական գործունեության հրապարակային կոչեր անելու մեջ։