Ադրբեջանի ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ գտնվող անձանց

Նշվում է նաև, որ Ռաշադ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների անունից կազմակերպել է Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից կազմված 200 կեղծ քարտեզների բաշխումը։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է Հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ գտնվող անձանց, հայտնում են տեղի լրատվական ծառայությունները։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կալանավորվել և քրեական պատասխանատվության է ենթարկվել 1980 թվականին ծնված Ռաշադ Ահմեդովը, որը կասկածվում է պետական դավաճանության և մեր երկրի դեմ ահաբեկչական դիվերսիա իրականացնելու մեջ։ Ահմեդովն ապրել է երրորդ երկրի տարածքում և կատարել հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքները», – ասվում է հաղորդագրությունում։

Ըստ հաղորդագրության, Հայաստանի հատուկ ծառայությունների առաջադրանքները կատարելու համար Ահմեդովը ներգրավել է 1991 թվականին ծնված Ռովշան Ամիրովին և մի շարք այլ անձանց, ովքեր տեսանյութեր են պատրաստել Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական ​​անվտանգության դեմ կոչով, դրանք տարածել Youtube-ում։

Նշվում է նաև, որ Ռաշադ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների անունից կազմակերպել է Ադրբեջանի քաղաքացիների միջև էթնիկ անջատողականության նպատակով Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից կազմված 200 կեղծ քարտեզների բաշխումը։

«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նաև այլ դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ», – հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:

Գերատեսչությունը նշում է, որ Ահմեդովի և Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ահմեդովը մեղադրվում է ահաբեկչության նախապատրաստման, օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից հակապետական ​​գործունեության հրապարակային կոչերանելու մեջ, իսկ Ամիրովը՝ դավաճանության և օտարերկրյա կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների անունից հակապետական ​​գործունեության հրապարակային կոչեր անելու մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print