Մնացական Սաֆարյանը նշում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում պարզելու համար՝ ինչու չի հասել զենքը։
Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի համար վճարել է միլիոնավոր դոլարներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը Ռուսաստանից միլիոնավոր դոլարների սպառազինություն է գնել, որը այդպես էլ չի ստացվել։
«Աշխատանքները ընթանում են, սպառազինությունները, իրոք, չեն հասել Հայաստան։ Փորձում ենք շարունակել աշխատանքները, ավելացնելու որևէ բան չկա», – հայտնել է փոխնախարարը։
ԱԳ փոխնախարարը, սակայն, չի հայտնել, թե ինչու սպառազինությունը չի հասել Հայաստան։ Անդրադառնալով հարցին՝ որքան գումար է վճարվել ռուսական կողմին, Սաֆարյանը հորդորեց այդ հարցով դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն։