Առաջարկվում է Հերհեր ՀԷԿ-ը և Արմենիկում ՓԲԸ-ն մասնավորեցնել․ նախագիծ

ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ մասնավորեցման են ներկայացվում այն կազմակերպությունները, որոնք հավելյալ արդյունք պետության համար չեն ստեղծում և պետական գործառույթների հետ ուղիղ կապված չեն։

«Հերհեր» հիդրոէլեկտրակայանը և «Արմենիկում» ՓԲԸ-ն նախատեսվում է տալ մասնավորեցման, այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին տեղեկացրեց ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը՝ նորկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման՝ 2017-2020 թվականների ծրագրի կատարման՝ 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը:

«Պետական հաշվեկշռում նմանատիպ կազմակերպությունների առկայությունը, որոնք պետական գործառույթների համար որևէ խնդիր, որպես էդպիսին, չեն լուծում, կարծում ենք՝ նպատակահարմար չէ (պահել -խմբ.), և ցանկալի է նոր ներդրումներ ներգրավելու, կազմակերպություններն ավելի արդիականացնելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանուր տնտեսական-ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով մասնավորեցնել: Մասնավորեցման են ներկայացվում այն կազմակերպությունները, որոնք հավելյալ արդյունք պետության համար չեն ստեղծում և պետական գործառույթների հետ ուղիղ կապված չեն»,-պարզաբանեց Առնակ Ավետիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞վ է բացատրվում «Հերհերի» մասնավորեցումը:

Հարցին՝ հաշվի առնվո՞ւմ է՝ ով է ձեռք բերողը, արդյոք ունի՞ մոնոպոլ դիրք, Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ  մրցութային գործընթացում որևէ սահմանափակում չի նախատեսվում, պետք է լինեն արդար, հավասար պայմաններ, իսկ ընտրվում են հատկապես այն կազմակերպությունները, որոնք ներկայացնում են նաև ներդրումային առաջարկ:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ նախկինում մասնավորեցվել է երեք օբյեկտ՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը, Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույքը և Հրազդանի կինոցանցի գույքից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print