Նախագծով առաջարկվել է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալ մինչեւ 2 տարի ժամկետում ստեղծել կանեփի արտադրություն՝ 1 տարվա փոխարեն:
Արտադրական կանեփի մասին օրենքի ընդունումից ի վեր դաշտում լուրջ տեղաշարժեր չկան: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում, խոսելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին, այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Խնդիրը լուծելու համար Կառավարությունը ներկայացրել է նախագծերի փաթեթ, որով բիզնեսին խոչընդոտող խնդիրները պետք է լուծվեն:
Նախագծով առաջարկվել է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալ մինչեւ 2 տարի ժամկետում ստեղծել կանեփի արտադրություն՝ 1 տարվա փոխարեն: Սահմանվել է նաեւ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը, Կառավարության համար որոշակի լիազորություններ են հստակեցվել:
Անդրադարձ է կատարվել քվոտաների վերանայման կարգին: Լենա Նանուշյանը նշել է, որ այն սահմանում է Կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչեւ տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել հաջորդ տարվա քվոտաների վերանայման համար:
Քննարկման մասնակիցներն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք են հայտնել, որ փաթեթով խնդիրները չեն լուծվի. հետագայում փաթեթին անդրադառնալու անհրաժեշտություն կլինի:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ավելի ճիշտ կլիներ՝ այս նախաձեռնությունը ներկայացներ Էկոնոմիկայի, ոչ թե Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսությանը: Չնայած փոփոխությունը կատարվում է այն օրենքում, որը վերաբերում է Առողջապահության նախարարությանը, բայց այն լուծում է տնտեսական խնդիր:
Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքն օրենքի նախագծին կողմ չի քվեարկելու, քանի որ այն լրացուցիչ քննարկման կարիք ունի: Այս համատեքստում նա առաջարկել է լիագումար նիստերի ընթացքում նախագիծը հետ տանել առաջին ընթերցում եւ եւս մեկ ամիս քննարկել: Եթե այդ ընթացքում լինեն առաջարկներ կամ այլ գերատեսչությունների կողմից այլընտրանքային տարբերակներ, դրանք նույնպես ներառվեն քննարկվող հարցի շրջանակում:
Ծավալված քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: